«Նարեկացի» արվեստի միության լեցուն դահլիճում թևածում էր հանդիսատեսի լռության սիմֆոնիան, քանզի բեմում սիրված կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և Հայաստանի ազգային կինոակադեմիայի նորանշանակ նախագահ Վիգեն Չալդրանյանն էր: Եվ միության տնօրեն Լևոն Իվանյանի՝ Վիգեն Չալդրանյանին ուղղված հարցերին հաջորդող հետաքրքիր պատասխանները երեկոն վերածեցին հանդիսականի հետ ջերմ, անմիջական շփման:
Վիգեն Չալդրանյանն արդեն երկու տասնամյակ և ավելի ապրում և ստեղծագործում է հայրենիքում, ապրում է մենակ իր բնակարանում, որի պատուհանից երևացող Արարատ լեռան հետ ամեն առավոտ «զրուցում է»…
Նրա օրը արվեստագետին բնորոշ սովորություններով է սկսվում՝ սուրճ, և այն էլ` ոչ մեկ գավաթ, ծխախոտի անհամար մնացուկներով ծանրաբեռնված մոխրաման…
«Ամենաազատ մարդը ամենազբաղված մարդն է»,- ասում է արվեստագետը: Նրա ֆիլմերից մեկում երջանկության մասին այսպիսի խոսքեր են ասվում՝ «Երջանկությունն այն է, երբ ներսդ ու դուրսդ ներդաշնակ են…»:
Արվեստագետի ընտանիքն ապրում է օվկիանոսից այն կողմ, և հաճախ է երեխաներին ասում, որ հայրենիքում է ստեղծագործելու համար…
-Ստեղծագործում եմ, որպեսզի արդարացնեմ իմ գոյությունն այստեղ,- կեսկատակ-կեսլուրջ ասում է արվեստագետը: Մշտապես զբաղված լինելով թատրոնում, կինոաշխարհում, դասախոսություններով, հարցին, թե ի վերջո որտե՞ղ է տեսնում իրեն՝ կինոյում, թատրոնում, մանկավարժության ոլորտո՞ւմ, թե՞ ղեկավարի աշխատանքում, կինոռեժիսորը պատասխանեց.
-Ամեն տեղ… Իմ կյանքը վաղուց ի վեր ինձ համար առաքելություն է…
Խոսելով կինոակադեմիայի նախագահի իր նոր պարտականության մասին, նշեց, որ նախկին նախագահ Հարություն Խաչատրյանը հիմնել է «Անահիտ» մրցանակաբաշխությունը, և ինքն էլ կփորձի նոր գաղափարներ ներդնել: «Ի միջի այլոց, երեկ մի ֆիլմ՝ Իրանի հետ համատեղ նկարահանած, արդեն ներկայացրել ենք Օսկարի»,- շեշտեց Հայաստանի ազգային կինոակադեմիայի նորընտիր նախագահը:
Երեկոն սկսվեց Վիգեն Չալդրանյանի «Մոտոր… Ստոպ» ֆիլմի ցուցադրությամբ՝ պատառիկներ նրա ֆիլմերի ուշագրավ դրվագներից և ռեժիսորի մտորումները…
Այս տարի Վիգեն Չալդրանյանն առաջին անգամ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հավաքել է դերասանական կուրս՝ նպատակ ունենալով լավագույն ուսանողներին հետագայում ընդգրկել Համազգային թատրոնի դերասանական կազմում: Ի դեպ, նա ավետեց, որ Համազգային թատրոնը վերջապես կունենա իր շենքը:
Վիգեն Չալդրանյանը նշեց նաև հայ ազգի երեք հանճարների մասին եռապատում նկարահանելու իր որոշման մասին: «Վարդապետի լռությունը» ֆիլմը՝ նվիրված Կոմիտասին, արդեն կա, հաջորդ ֆիլմը կլինի Գրիգոր Նարեկացու մասին, շարժառիթը նաև Հռոմի պապի կողմից Նարեկացուն սրբադասելու արարողությունն է եղել, ֆիլմի սցենարն արդեն սաղմնավորված է: Նա նպատակ ունի ֆիլմ ստեղծել նաև Մեսրոպ Մաշտոցի մասին:
Վիգեն Չալդրանյանի առավել հայտնի ֆիլմերից են «Ապրիլ», «Ձայն բարբառոյ», «Տեր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին»։ 1994-ին «Ձայն բարբառոյ» կինոնկարի համար նա արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակին»։
2001-ին Վիգեն Չալդրանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով։ 2006-ին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը՝ հայ կինոյում մեծ ավանդ ներդնելու համար։ 2007-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:
Նրա բոլոր մրցանակները, բեմադրությունները, գլխավոր դերերը կինոյում և թատրոնում ամբողջական ներկայացնելը, անշուշտ, մեկ նյութում անհնարին է, սակայն հպանցիկ անդրադարձ, թե ինչպիսին էր սկիզբը.
Նա կրում է սասունցի պապի անունը՝ Վաղարշակ, սակայն, կինոաշխարհում հայտնի է Վիգեն անունով։ Դեռ միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին է Վաղարշակն ընդունվում «Հայֆիլմ»-ին կից կինոդերասանի ստուդիան։ Առաջին դերը Ռոմեոն էր, ինչպես ինքն է նշում՝ այն ժամանակ գեղեցիկ, բարձրահասակ տղա էր ու այդպիսի դերեր էին առաջարկում իրեն… Դպրոցն ու ստուդիան միաժամանակ ավարտելուց հետո որպես դերասան ընդունվում է Երևանի դրամատիկական թատրոն, սկսում բեմական քայլերը՝ խաղալով Արքայազնի դերը «Մոխրոտը» ներկայացման մեջ։ Ավարտելով Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը՝ տեղափոխվում է նույն ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժին։ Այնուհետև ուսումը շարունակում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում, որտեղ և նկարահանում է իր առաջին կարճամետրաժ կինոնկարը՝ «Ոսկին ծիծաղում է»՝ Ջեկ Լոնդոնի պատմվածքի մոտիվներով։ Մոսկովյան շրջանը մեծապես նպաստում է ռեժիսորի աշխարհայացքի ձևավորմանը։ 1981-ից Վիգեն Չալդրանյանը մուտք է գործում հայ կինո՝ հայ կինոյի պատմությունը հարստացնելով ինքնատիպ ֆիլմերով, նպաստելով նաև մերօրյա հայ կինոյի միջազգային ճանաչմանը…
Վարդինե ԻՍԱՀԱԿՅԱՆ